ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին
16.11.2025 | 10:51

Նոյեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության առիթով Հայաստան ժամանած օտարերկրյա մի խումբ հյուրերի։

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց ներկաներին, անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ նշելով, որ Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայր է համայն հայության համար և պատմության ամենադժվար պահերին օգնել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իբրև Մայր Եկեղեցի իր պատմական առաքելությամբ և հոգածու վերաբերմունքով առանձնակի նշանակություն ունի նաև Հայաստանում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու և իշխանության միջև ստեղծված լարվածությանը և հակաեկեղեցական գործողություններին, ի մասնավորի ապօրինաբար ազատազրկված հոգևորականներին ու հայորդիներին առաջադրված անհիմն մեղադրանքներին։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց արցախահայերի ծանր կացությանը և նրանց կարիքներին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Վերջում «Պահպանիչ» աղոթքով օրհնելով ներկաներին` Նորին Սրբությունը հայցեց, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը և պարգևի ապահով ու բարօր կյանք բոլոր ժողովուրդներին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ